Ucraft-ի լոգոմեյքեր հավելվածը թույլ է տալիս կարճ ժամանակում ցանկալի ձևաչափով ստեղծել Ձեր յուրահատուկ լոգոն:
Այնպես որ, եկեք միասին հետևենք այս հեշտ և ստեղծագործական գործընթացին:
Կարող եք մուտք գործել լոգոմեյքեր՝ գնալով Ծառայություններ բաժնի Անվճար լոգոյի դիզայն էջը և սեղմել Ստեղծել լոգո կոճակը:
Այժմ դիտեք մի կարճ քայլ առ քայլ տեսանյութ այն մասին, թե ինչպես օգտագործել Ucraft-ի լոգոմեյքերը՝ Ձեր ապրանքանիշի գեղեցիկ լոգոն ստեղծելու համար:
Հավելվածը հասանելի է նաև Ձեր կայքի Խմբագրման ռեժիմի Դեշբորդից, եթե, իհարկե, արդեն ունեք հաշիվ Ucraft-ում։
Լավ լուր մոբայլի սիրահարների համար: Այժմ կարող եք Ձեր լոգոն ստեղծել Ձեր սիրած սարքի օգնությամբ։ Պարզապես մտեք Ucraft լոգոմեյքեր, սեղմեք ստեղծել լոգո, պտտեք Ձեր սարքը և սկսեք օգտագործել։
Եկեք վերադառնանք հավելվածի դեսքթոփ տարբերակին և սկսենք։
Տեղափոխեք կուրսորը Ձախ վահանակ՝ գործընթացը սկսելու և լոգոյի սկզբնական կառուցվածքը որոշելու համար: Այն կարող է պարունակել պատկերներ, տեքստային էլեմենտներ և ձևեր:
Կարող եք ստեղծել լոգո այս երեքի կատարյալ համադրությամբ, ավելացնել մի քանի էլեմենտ, փոխել չափը և ձևը, ինչպես նաև գույները: Համոզվեք, որ Ձեր ապագա լոգոն համապատասխանում է Ձեր բիզնեսին:
Դիզայներական պատկերներով լոգոներն ամենատարածվածն են, ուստի սկսենք:
Պատկերն ընտրելու համար սեղմեք Պատկերներ կոճակը ձախ վահանակից և գտեք ցանկալի մեկն առաջարկվող հազարավոր տարբերակներից։
Ընտրությունն ավելի հեշտ դարձնելու համար կարող եք որոնման դաշտում մուտքագրել համապատասխան բանալի բառերը: Մի մոռացեք իջնել ներքև՝ առկա բոլոր պատկերները տեսնելու համար:
Եվ այսպես: Ընտրված պատկերակը կհայտնվի կանվասի վրա:
Պատկերի չափը փոխելու համար ուղղակի փոփոխեք անկյունային ցուցիչը: Պատկերը պտտելու համար օգտագործեք վերևում գտնվող պտտել գործիքը։
Ձեր ապագա լոգոն ավելի պայծառ դարձնելու համար սեղմեք անհրաժեշտ էլեմենտը և վերևում գտնվող վահանակից ընտրեք ցանկալի գույնը:
Օգտագործեք ցուցիչը՝ երանգն ու թափանցիկության աստիճանն ընտրելու համար:
Կարող եք նաև տեղադրել գույնի կոդը 0-ների փոխարեն, որպեսզի ստանաք հենց Ձեզ համար ցանկալի գույնը:
Վերջին օգտագործած գույները ցուցադրվում են պատուհանի ներքևում:
Հաջորդ առաջարկվող կարևոր բաղադրիչը տեքստն է: Այն ավելացնելու համար ձախ վահանակից ընտրեք տեքստի տարբերակը։ Երկու անգամ սեղմեք Sample text-ի վրա, որպեսզի խմբագրեք: Ավելացված տեքստը պետք է լինի օրիգինալ և համապատասխանի Ձեր ապրանքանիշի անվանը:
Սեղմեք Տեքստ էլեմենտի վրա և վերևի վահանակում կտեսնեք առաջարկվող խմբագրման գործիքները։ Դրանցով կարող եք համապատասխան մենյուից գունավորել տեքստը կամ փոխել տառատեսակն ու չափը:
Կարող եք նաև օգտագործել Bold, Italic, Underlined կամ Capital տարբերակները:
Ինչու՞ չօգտագործել Google Fonts-ի առաջարկած տառատեսակները: Պարզապես սեղմեք Ավելացնել նոր տառատեսակի վրա և այն ինքնաբերաբար կավելանա առկա տառատեսակների հավաքածուին:
Եթե լոգոյի համար Ձեզ անհրաժեշտ է գունավոր ֆոն, ապա կարող եք ընտրել Ձևեր էլեմենտն ու ընտրել նախընտրած գույնը, քանի որ Ucraft-ով ստեղծված լոգոներն առհասարակ ունեն թափանցիկ ֆոն:
Օգտագործե՞լ եք շատ էլեմենտներ: Առաջարկում ենք ցանկալի տեսք և դասավորություն ստանալու համար օգտագործել վերևի վահանակի Շերտեր ֆունկցիան:
Որևէ էլեմենտ ջնջելու համար պարզապես ընտրեք այն՝ սեղմելով դրա վրա և ընտրեք աղբարկղի նշանը:
Ծրագիրը նաև թույլ է տալիս ընտրել էլեմենտների խումբ ու փոխել դրանց ընդհանուր ուղղությունը՝ հավասարեցնել կենտրոն, աջ, ձախ կամ վերև, ներքև։
Երբ ավարտեք կատարյալ լոգո ստեղծելը, հանգիստ կարող եք այն իսկապես Ձերը դարձնել՝ ներբեռնելով այն։
Պարզապես սեղմեք Նախադիտում կոճակը ներքևի աջ անկյունում և հետևեք էկրանին նշված հրահանգներին՝ տեսնելու, թե ինչպիսի տեսք կունենա այն, եթե տպագրված լինի տարբեր ձևաչափերով։ Այնուհետև սեղմեք Ներբեռնել կոճակը՝ Ձեր նոր լոգոն ստանալու համար։
*Խնդրում ենք հաշվի առնել, որ կարող եք պահպանել Ձեր լոգոներն անմիջապես ստեղծելուց հետո, իսկ վերադառնալ և նորից ներբեռնել այն չի ստացվի:
Այնուամենայնիվ, եթե Լոգոմեյքեր եք մուտք գործել վեբկայք ստեղծելիս, ապա կարող եք Ձեր նախորդ լոգոները գտնել Իմ լոգոներ բաժնում:
Ընտրեք այն ֆորմատը, որով ցանկանում ես ստանալ Ձեր լոգոն:
Կարող եք բեռնել այն որպես PNG ֆայլ՝ ամբողջովին անվճար կամ գնել ավելի առաջադեմ ու ֆունկցիոնալ տարբերակ՝ SVG ֆայլ ընդամենը 12$-ով:
Եթե ընտրեք PNG տարբերակը, կստանաք լոգոն՝ որպես 600px լայնությամբ թափանցիկ ֆոնով PNG ֆայլ։ Առհասարակ այս ֆորմատը լավ է առցանց օգտագործման համար, օրինակ, Ձեր կայքում կամ որպես էլեկտրոնային ստորագրություն և այլն։
SVG լոգոն բարձր որակով, լայնածավալ վեկտորային ֆայլ է, որը կարող եք ամբողջությամբ խմբագրել և ձևափոխել: Այն կատարյալ է ինչպես առցանց օգտագործման, այնպես էլ տպագրության համար:
Սեղմեք Գնել, ավելացրեք Ձեր բանկային քարտի տվյալները, ապա սեղմեք Վճարել:
Կարող եք նաև ընտրել Օգտագործել տարբերակը և այն ուղղակիորեն օգտագործել Ձեր կայքում:
Սեղմեք Ստեղծել կայք ու կուղղորդվեք վեբկայքերի առկա նմուշների էջ։ Այստեղ կարող եք ընտրել նախընտրելի նմուշը, այնուհետև ընտրել ցանկալի ենթադոմեյն և վերջ։ Արդեն ունեք տպավորիչ լոգո և նոր կայք:
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ucraft-ով ստեղծված լոգոներն ունեն թափանցիկ ֆոն: Որոշ դեպքերում, կախված Ձեր օգտագործած օպերացիոն համակարգից, PNG ֆայլերը կարող են ճիշտ չցուցադրվել: Այս խնդիրը տարածված է որոշ Windows և Linux ծրագրերի դեպքում: Այսպիսով, Ձեր լոգոն, ամենայն հավանականությամբ, վնասված չէ և անթերի կգործի թե' վեբում և թե' տարբեր ծրագրերում:
Այժմ, երբ ունեք օրիգինալ լոգո, կարող եք սկսել ստեղծել կայք Ձեր լոգոյով և բացահայտել Ucraft-ը:
Եթե մուտք եք գործել լոգոմեյքեր Ձեր կայքի խմբագրման ռեժիմի դեշբորդից, ապա Ձեզ համար հասանելի կլինի «Իմ լոգոներ» բաժինը, որտեղ կարող եք գտնել Ձեր կողմից նախկինում ստեղծված լոգոները։ Դուք ունեք հնարավորություն դրանք նորից ներբեռնելու, վերախմբագրելու, ինչպես նաև ջնջելու։
Ընդամենն այսքանն է պետք իմանալ տպավորիչ լոգոներ ստեղծելու համար: Հուսով ենք՝ Ձեզ դուր եկավ Ucraft-ով աշխատելը:
Comments
0 comments
Article is closed for comments.